Страницы

ՀՀ ԿԳՆ ԳՅՈՒՄՐՈՒ No 3 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ ՊՈԱԿ-ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ: Մեր հասցեն՝ ՀԱՅԱՍՏԱՆ. ք. ԳՅՈՒՄՐԻ. փող. ԹՈՒՄԱՆՅԱՆ 85: Հեռ. +374/312/5.18.63.:   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  

21.05.2014

ԱՄՓՈՓՈՒՄ ԵՆՔ 2013-2014 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻՆ

2013-2014 ուստարվա «Գյումրու Nօ 3 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի աշակերտական խորհրդի և նրա նախագահի ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ:
2013-2014 ուստարվա սեպտեմբերի 3-ին դպրոցի տնօրեն Գ. Ալեքսանյանի կողմից հրավիրվեց սովորողների առաջին ընդհանուր ժողով, որին մասնակցեցին աշակերտներ, դասղեկներ և առաջարկվեց հաստատությունում ձևավորել աշակերտական ինքնավարության գործադիր մարմին, հաստատվեց աշակերտական խորհրդի թվակազմը /յուրաքանչյուր դասարանից երկու աշակերտ, ընդամենը՝ 30 աշակերտ/, աշակերտական խորհրդի ձևավորման աշխատանքները համակարգող
ընտրական հանձնախումբ /յուրաքանչյուր դասարանից մեկ աշակերտ/ ընդամենը 15 աշակերտ: Դասղեկների հետ համագործակցության արդյունքում VII-XII-րդ դասարաններում ստեղծվել են դասարանական աշակերտական խորհուրդներ և ձևավորվել են աշխատանքային հանձնախմբեր (ուսումնադաստիարակչական, կարգապահական, իրավապաշտպան, սոցիալական, մշակութային, տեղեկատվական, ռազմամարզական, առողջապահական): Մասնակցել ենք արտադպրոցական խմբակներ և այլ մշակութային հաստատություններ հաճախող, շնորհալի, հատուկ կարգավիճակ ունեցող, սոցիալապես անապահով և ծնողազուրկ աշակերտների հաշվառմանը :

2013թ.-ի սեպտեմբերի 24-ին «Գյումրու Nօ 3 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվեցին աշակերտական խորհրդի նախագահի ընտրություններ: Իրենց թեկնածությունն էին առաջադրել Բնագիտամաթեմատիկական 2-XI դասարանի աշակերտուհի Անի Գասպարյանը, Հումանիտար 2-XI դասարանի աշակերտուհի Օֆելյա Զաքարյանը, տնտեսագիտական X դասարանի աշակերտ Հովհաննես Հովհաննիսյանը: Թեկնածուներից առավելագույն ձայներ հավաքած Հովհաննես Հովհաննիսյանն ընտրվեց 2013-2014 ուստարվա աշակերտական խորհրդի նախագահ, իսկ աշակերտական խորհրդի համանախագահներ ընտրվեցին Օֆելյա Զաքարյանը և Անի Գասպարյանը: Ձևավորվեցին աշակերտական խորհրդի աշխատանքային հանձնախմբերը: 
Սեպտեմբերի 26-ին տեղի ունեցավ աշակերտական խորհրդի առաջին նիստը՝ հաստատության ներքին կարգապահական կանոնների կատարման և հաստատությունում սովորողների կարգապահության բարելավման մասին: Սկսած հոկտեմբերի 1-ից, սովորողների կարգապահության բարձրացման նպատակով, դպրոցի բուֆետում և միջանցքներում համապատասխան գրաֆիկով աշակերտական խորհրդի կողմից կատարվել է աշակերտական հերթապահություն: 
Ձևավորվել են ակումբներ՝ գրքասերների, գիտակների, առողջապահական. աշակերտական խորհուրդը փորձել է աշակերտներին ներգրավել այս ակումբներում՝ իրենց առօրյան առավել հետաքրքիր դարձնելու նպատակով: 
Սեպտեմբերի 20-ին ՀՀ Անկախության 22 ամյակի կապակցությամբ «Գյումրու Nօ 3 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի աշակերտական խորհրդի նախաձեռնությամբ դպրոցի աշակերտական խորհրդի անդամները և VII-X-րդ դասարանների աշակերտների մի խումբ այցելեցին Արցախյան ազատամարտի թանգարան՝ ծանոթանալու թանգարանի պատմությանը: Կազմակերպվեց Անկախության 22 ամյակին նվիրված «Նոր հայրենիք, հզոր հայրենիք» խորագրով նկարչական, ձեռքի աշխատանքների, պատանի ստեղծագործողների մրցույթ և ցուցահանդես, որին մասնակցած աշակերտները դպրոցի տնօրինության կողմից խրախուսվեցին գովեստագրերով: 
Դպրոցի աշակերտական խորհուրդը շնորհալի աշակերտների մասնակցությամբ հոկտեմբերի 5-ին կազմակերպեց նաև տոնական ցերեկույթ նվիրված ուսուցչի օրվան: Երգի պարի, երաժշտության, ասմունքի միջոցով աշակերտները կարողացան իրենց ուսուցիչներին ժպիտ ու սեր նվիրել:
Հոկտեմբերի 16-ին տեղի ունեցավ աշակերտական խորհրդի երկրորդ նիստը և առաջարկվեց կազմակերպել համադպրոցական շաբաթօրյակ դպրոցի և նրա հարակից տարածքների մաքրում, բարեկարգում, որը դպրոցի դասարանական խորհուրդների միջոցով իրականացվեց հոկտեմբերի 19-ին: 
Հոկտեմբերի 28-ին տեղի ունեցած աշակերտական խորհրդի երրորդ նիստին աշակերտական խորհուրդն հայտնեց իր կարծիքը պարզ ընթացակարգով ատեստավորվող ուսուցիչների վերաբերյալ Հրանուշ Պատվականի Խաչատրյան, Սուսաննա Մուրադի Գևորգյան, Մարինե Անտոնի Եղիազարյան, Նորիկ Մակարի Սարգսյան, Ալիսա Աշոտի Պողոսյան:
Մասնակցել ենք «Ծխելու դեմ կանխարգելիչ միջոցառումներում հասարակության առավել լայն շերտերի ընդգրկում» ծրագրի շրջանակներում կազմակերպված «Ծխելու դեմ լավագույն հակագովազդ» պաստառների մրցույթին՝ ներկայացնելով ծխելու վնասակար ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա պաստառները:
Համագործակցել ենք Հայկական Կարիտաս ԲՀԿ-ի հետ, որը «Տնային խնամք միայնակ ծերերին» ծրագրի շրջանակներում կազմակերպել էր տարեցների խնդիրներին նվիրված միջոցառումների շարք, որը կրում էր «Միայնակ չթողնենք մեր մեծերին» խորագիրը:
Աշակերտական խորհրուրդը որոշեց մասնակցել Հայկական Կարիտաս ԲՀԿ-ի կողմից կազմակերպված տարեցների հիմնախնդիրներին նվիրված միջոցառումների շարքին՝ տարեցների հիմնախնդիրները պատկերող գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսին, որը տեղի ունեցավ նոյեմբերի 29-ին Հայկական Կարիտաս ԲՀԿ-ի գրասենյակում: «Գյումրու Nօ 3 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ից տարեցների հիմնախնդիրները պատկերող գեղանկարչական աշխատանքների եզրափակիչ ցուցահանդեսին դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ՝ Մ. Մսրյանի ղեկավարությամբ մասնակցեցին այդ ցուցահանդեսին իրենց գեղանկարչական աշխատանքները ներկայացրած հինգ աշակերտուհիներ՝ Մխիթարյան Եկատերինան, Մովսիսյան Սոֆին, Ավետիսյան Մարիամը, Ալեքսանյան Սուսաննան, Ստեփանյան Ջուլիետան, որոնք Հայկական Կարիտասի կողմից ստացան պատվոգրեր և նվերներ: Նույն ծրագրի շրջանակներում դպրոցի ցուցահանդեսին իրենց գեղանկարչական աշխատանքները ներկայացրեցին, որի համար տնօրինության կողմից գովեստագրերի արժանացան Խաչատրյան Անին և Պողոսյան Մերին: 
Համայնքին օժանդակող «Միայնակ չթողնենք մեր մեծերին» ծրագրի շրջանակներում աշակերտական, ծնողական և մանկավարժական խորհրուրդների որոշումով նոյեմբերի 29-ին կազմակերպվեց «ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ և «Միայնակ չթողնենք մեր մեծերին» դրամահավաք-միջոցառումը, որի ընթացքում դպրոցի աշակերտական և ուսուցչական հանրույթի կողմից կատարվեց նվիրատվություն:
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ փոխանցվեց 25000դրամ /քսանհինգ հազար/, իսկ «Միայնակ չթողնենք մեր մեծերին» ծրագրին՝ 9000 /ինը հազար/ դրամ: 

Աշակերտական խորհուրդը համագործակցելով «Արաքս» կենտրոն ԲՀԿ հետ,՝ «Միայնակ չթողնենք մեր մեծերին» ծրագրի համար հավաքված 9000 դրամը /ինը հազար/ տրամադրեց «Արաքս» կենտրոնի տարեցների հիմնախնդիրների լուծմանը: Հավաքված ինը հազար դրամից աշակերտական խորհրդի անդամների կողմից դեկտեմբերի 10-ին կատարվեց Կարապետյան Ալեքսանդրի, Իսպիրյան Ժաննայի, Ստեփանյան Իրինայի խմելու ջրի վարձի մուծում /հազարական դրամ/ և Վարդանյան Խանումի էլեկտրաէներգիայի վարձի մուծում /երկու հազար դրամ/ ընդամենը 5000 /հինգ հազար/ դրամ: Մնացած 4000 /չորս հազար/ դրամով գնվեց անկողնային պարագա և գիշերազգեստ, որը հանձնվեց Հրանուշ Սուքիասյանին /Արագած 2 թաղամաս 6շենք 1բնակարան/: 
Դեկտեմբերի 11-ին դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ՝ Մ. Մսրյանի ուղեկցությամբ այցելեցինք «Արաքս» կենտրոն ԲՀԿ հանդիպելու տարեցների հետ, որի ժամանակ էլ աշակերտներս տարեցներին հանձնեցինք մուծման անդորագրերը և գնված նվերները:
Նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին աշակերտական խորհուրդը դասարանական աշակերտական խորհուրդների միջոցով ձևավորեց գիտակների դասարանական թիմեր և ինտելեկտուալ խմբակի ղեկավար Հերմինե Սիմոնյանի ղեկավարությամբ դպրոցում անցկացվեց «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղը: Եզրափակիչ ամանորյա խաղը տեղի ունեցավ Ամանորի նախաշեմին դեկտեմբերի 21-ին, որին մասնակցեցին X-XII-րդ դասարանների թիմերը:
Ամանորյա տոներին ընդառաջ դասարանական աշակերտական խորհուրդների միջոցով կազմակերպվեց արդեն ավանդական դարձած «Դպրոցի արտաքին և ներքին ամանորյա ձևավորում» խորագիր կրող մրցույթը լավագույն աշխատանքների լուսանկարները տեղադրվեցին «Dasaran.am» կայքում: 
Հայոց բանակի 22-ամյակին նվիրված համադպրոցական միջոցառումների շրջանակում «Գյումրու Nօ3 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի աշակերտական խորհուրդն առաջարկեց անցկացնել ռազմահայրենասիրական դասընթաց՝ աշակերտներին ծանոթացնել զինվորների առօրյային: Հունվարի 25-ին աշակերտական խորհուրդը և դպրոցի VIII-XI-րդ դասարանների մի խումբ աշակերտներ դաստիրակչական աշխատանքների կազմակերպչի, զինղեկի, ռազմագիտության ուսուցչուհու և գրադարանավարուհու ուղեկցությամբ այցելեցին զորամաս:
Զորամասում նրանք ծանոթացան զինվորների առօրյային: Ծանոթացան նաև որոշ զինտեխնիկաների և զինատեսակների հետ, ինչպես նաև հնարավորություն ունեցան քանդել - հավաքել AK-74 տեսակի ավտոմատ: Աշակերտների ոգևորությունը խոսում էր այն մասին, որ բանակ հասարակություն կապի ամրապնդման համար նման միջոցառումների կազմակերպումը անհրաժեշտ է:
Հաշվի առնելով այն փաստը, որ ժամանակակից հասարակությունում ժողովրդավարության զարգացումն անհնար է առանց հանդուրժող անհատի և հանդուրժող հասարակության, «Գյումրու Nօ 3 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի աշակերտական խորհուրդը հունվարի 31-ին կազմակերպեց բանավեճ «Հանդուրժողականություն» թեմայով: Բանավեճին մասնակցում էին նաև դասղեկներ, ուսուցիչներ: Հանդուրժողականությունը դիտարկվեց ուսուցիչ-աշակերտ, աշակերտ-աշակերտ փոխհարաբերության տեսանկյունից: 
Մարտի 7-ին «Գյումրու Nօ 3 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ աշակերտական խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվեց հաստատությունում սանիտարահիգիենիկ պայմանների պահպանման համար մարտի 15-ը հայտարարել «Մաքրության օր» և կազմակերպել համադպրոցական շաբաթօրյակ: Աշակերտական խորհրդի և դասարանական աշակերտական խորհուրդների միջոցով մարտի 15-ին հաստատության մասնաշենքում կազմակերպվեց համադպրոցական շաբաթօրյակ: Աշակերտները մաքրեցին իրենց դասասենյակները, նորոգեցին սեղան նստարանները: Այդ օրը դպրոցում տիրում էր աշխատանքային աշխույժ եռուզեռ: 
Ապրիլի 17-ին «Գյումրու Nօ 3 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ «Գյումրու աշակերտական խորհուրդների միավորում» կազմակերպության կողմից առաջարկված ծառատունկը: Տնկիները տրամադրել էր «Գյումրու աշակերտական խորհուրդների միավորում» կազմակերպությունը: Ծառատունկին մասնակցեցին աշակերտական խորհրդի անդամները, որոնք դպրոցի բակում նախապես մաքրեցին տարածքը, այնուհետև տնկեցին տնկիները:
Ապրիլի 19-ին «Գյումրու Nօ 3 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ համադպրոցական շաբաթօրյակ, որին մասնակցեցին թե՛ աշակերտներ, թե՛ ուսուցիչներ: Մաքրվեց դպրոցի բակն ու դպրոցական շենքի հարակից տարածքները: Կազմակերպվեց նաև ծառատունկ, որին աշակերտները մասնակցեցին մեծ ոգևորությամբ՝ գիտակցելով, որ ծառերն ունեն կենսական նշանակություն մարդկանց համար:
«Գյումրու Nօ 3 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի աշակերտական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպվեց ուխտագնացություն դեպի Հեր-հեր /Ջարդի/ ձոր՝ ի հիշատակ 1915 թվականի եղեռնի զոհերի նահատակության: Աշակերտական խորհրդի նախաձեռնությանը միացան նաև դպրոցի այլ աշակերտներ, որոնք դպրոցի տնօրեն՝ Գ. Ալեքսանյանի, ՄԿԳԱՏ՝ Կ. Դարբինյանի, դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ՝ Մ. Մսրյանի, զինղեկ՝ Կ. Ղազարյանի, ֆիզկուլտուրայի ուսուցիչներ՝ Ն. Սարգսյանի և Մ. Մանուկյանի, Ա. Նախշքարյանի ուղեկցությամբ 2014 թվականի ապրիլի 24-ին այցելեցին Հեր-հերի ձոր, ծաղիկներ դնելով եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին:
Համաձայն 2014թ. ապրիլի 9-ին կայացած «Գյումրու Nօ 3 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի աշակերտական խորհրդի նիստի որոշման համայնքին օժանդակող «Համայնքային կապեր և նախաձեռնություններ՝ ի նպաստ իրավական սոցիալականացման» ՀԿՆԻՍ ծրագրի շրջանակներում կազմակերպվեց հարցում ծնողների, ուսուցիչների և աշակերտների շրջանում՝ պարզելու նրանց կարծիքը դպրոցական տեսուչի հաստիքի ներդրման մասին: 
Հարցված 26 ծնողներից կողմ էին արտահայտվել 23-ը, դեմ՝ 3-ը, 12 ուսուցիչներից կողմ էին արտահայտվել 11-ը, դեմ՝ 1-ը, իսկ 83 աշակերտներից կողմ էին արտահայտվել 45-ը, դեմ՝ 35-ը, ձեռնպահ՝ 3-ը: Ապրիլի 30-ին «Գյումրու Nօ 3 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում կազմակերպվեց կլոր սեղան ուսուցիչների, ծնողների, աշակերտների մասնակցությամբ, որի ժամանակ նորից քննարկվեց դպրոցում դպրոցական տեսուչի հաստիքի ներդրման հարցը, արդյո՞ք նա կկարողանա նպաստել դպրոցում առավել կարգապահ միջավայրի ստեղծմանը, ինչպիսի՞ն պետք է լինի ոստիկանը որպեսզի կարողանա աշխատել դպրոցում, արդյո՞ք նա պետք է պատժի, թե համագործակցի: Բոլոր ներկաներն էլ կողմ արտահայտվեցին ոստիկանության տեսուչի հաստիքի ներդրմանը դպրոցում, սակայն կարևորեցին ոստիկանության տեսուչի անձնային որակները նաև նշեցին, որ նա պետք է լինի վերապատրաստված իրավապահ:
Համաձայն 2014թ. ապրիլի 9-ին կայացած «Գյումրու Nօ 3 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի աշակերտական խորհրդի նիստի որոշման մայիսի 8-ին կազմակերպվեց քեսաբահայությանն ուղղված «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրատվություն /27000 քսանյոթ հազար դրամ/:
Հաստատության ուսումնադաստիարակչական աշխատանքային ծրագրով սահմանված «Հաղթանակների մայիս» խորագրով համադպրոցական միջոցառումների շրջանակում 2014թ. մայիսի 9-ին այցելեցինք «Մայր Հայաստան» հուշահամալիր հարգանքի տուրքը տալու 1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմին հերոսաբար զոհված հիշատակին նաև Վարդանանց հրապարակում դիտեցինք շքերթ-զորահանդեսը:
Այս ուսումնական տարում աշակերտական խորհուրդը բավականին լավ է աշխատել կազմակերպելով և մասնակցելով բազմաբնույթ միջոցառումների: Բոլոր միջոցառումներն էլ նպատակային էին՝ ուղղված աշակերտների ինքնադրսևորմանը, նրանց իրավունքների ու պարտականությունների գիտակցմանը, համակողմանիորեն զարգացած, հայրենասիրության, պետականության և մարդասիրության ոգով դաստիարակված անձի ձևավորմանը, հոգևոր և մտավոր ներուժի ամրապնդմանը, ազգային համամարդկային արժեքների պահպանմանը, աշակերտների վարքի և վարվելակերպի ձևավորմանը, աշակերտ-ուսուցիչ, աշակերտ-ծնող, աշակերտ-համայնք, դպրոց-համայնք հարաբերությունների ամրապնդմանը ինչպես նաև աշակերտների մոտ մարդասիրական աշխարհայացքի ձևավորմանը՝ տարեցներին, թույլերին, հիվանդներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելուն: 

Աշակերտական խորհրդի նախագահ՝ / Հ. Հովհաննիսյան

Комментариев нет:

Отправить комментарий

ԷՋԵՐ

Blogger Widgets