
Արքայատոհմը կոչվել է հարստության հիմնադիր արքա Արտաշես Ա-ի (մ. թ. ա. 189թ. –մոտ 160թ.) անունով:
Արտաշիսյաններն ամենայն հավանականությամբ սերել են հայկական նախորդ՝ Երվանդունիների արքայատոհմից (Արտաշես Ա-ն արամեական արձանագրություններում իրեն անվանում է «Երվանդական»): Արտաշես Ա-ն մ. թ. ա. II դարի սկզբին Հայաստանից անջատված ծայրամասային
երկրամասերը վերամիավորել է և ստեղծել միասնական, համազգային պետություն, իրականացրել է մի շարք բարենորոգումներ, հիմնադրել նոր մայրաքաղաք՝ Արտաշատը (Երասխ և Մեծամոր գետերի ջրկիցում), կառուցել է նաև այլ քաղաքներ, որոնցից հինգը, ի պատիվ հոր՝ Զարեհի, անվանել է Զարեհավան ու Զարիշատ:
երկրամասերը վերամիավորել է և ստեղծել միասնական, համազգային պետություն, իրականացրել է մի շարք բարենորոգումներ, հիմնադրել նոր մայրաքաղաք՝ Արտաշատը (Երասխ և Մեծամոր գետերի ջրկիցում), կառուցել է նաև այլ քաղաքներ, որոնցից հինգը, ի պատիվ հոր՝ Զարեհի, անվանել է Զարեհավան ու Զարիշատ:
Ըստ Մովսես Խորենացու՝ Արտաշես Ա-ն ունեցել է վեց որդի (Արտավազդ, Վրույր, Մաժան, Զարեհ, Տիրան, Տիգրան). Արտավազդը և Տիրանը թագավորել են իրենց հոր մահից հետո: Արտավազդ Ա-ի և Տիրանի (Տիգրան Ա) թագավորության տարիները համեմատաբար խաղաղ էին: Արտաշես Ա-ի թոռը՝ Տիգրան Բ Մեծը, դարձել է Առաջավոր Ասիայի մեծագույն մասի տիրակալը: Նրա գահակալման 40 տարիները նշանավորվել են Հայաստանի ռազմաքաղաքական, տնտեսական ու մշակութային աննախադեպ վերելքով, հայկական պետության միջազգային դերի և հեղինակության բարձրացմամբ: Տիգրան Բ Մեծից սկսած` Արտաշիսյանները կրել են մեծ արքա, արքայից արքա տիտղոսները: Տիգրան Բ Մեծին հաջորդել է որդին՝ Արտավազդ Բ-ն:
Արտաշիսյան հարստության վերջին հզոր ներկայացուցիչը Արտաշես Բ-ն էր՝ Արտավազդ Բ-ի թագաժառանգ որդին: Նա, գլխավորելով Հռոմի դեմ պայքարը և վերականգնելով դաշինքը Պարթևաց թագավոր Հրահատ IV Արշակունու հետ, մինչև մ.թ.ա. 31 թ. ոչ միայն ազատագրել է Մեծ Հայքը հռոմեական զավթիչներից, այլև ջախջախել է նրանց հետ գործակցող Ատրպատականի թագավոր Մար Արտավազդին ու նրա տերությունը միացրել Հայոց թագավորությանը: Հռոմի կայսր Օգոստոս Օկտավիանոսը վճռել է տապալել Արտաշես Բ-ին, և մ.թ.ա. 20 թ-ին հռոմեացիները կազմակերպել են Հայոց թագավորի սպանությունը: Հաջորդ Արտաշիսյանները եղել են հիմնականում Հռոմի դրածոներ: Արտաշես Բ-ին հաջորդել է նրա կրտսեր եղբայրը՝ կայսեր պալատում դաստիարակված Տիգրան Գ-ն:
Արտաշատում նրա հանդիսավոր թագադրումը Հռոմում համարել են որպես մեծ նվաճում և նշել շուքով: Հատվել են ոսկե և արծաթե դրամներ՝ «Հայաստանը նվաճված» լատիներեն մակագրությամբ, իսկ նշանավոր բանաստեղծներ Օվիդիոսը, Հորացիոսը, Վերգիլիոսը գրել են ներբողներ: Հայաստանը թուլացնելու նպատակով Հռոմը նրանից անջատել է Ատրպատականը և այնտեղ էլ գահ բարձրացրել իր դրածոյին՝ Մար Արտավազդի որդի Արիոբարզանին: Սակայն Տիգրան Գ-ն չի դարձել Հռոմի հլու կամակատարը.
մ.թ.ա. 10թ-ին հրաժարվել է հռոմեական կողմնորոշումից և վարել անկախ քաղաքականություն:
Տիգրան Գ-ի քաղաքականությունը շարունակել է նրա որդին ու հաջորդը՝ Տիգրան Դ-ն: Անհանգստացած` Օգոստոս կայսրը գահընկեց է արել Տիգրան Դ-ին և թագավոր հռչակել նրա հորեղբորը՝ Արտավազդ Գ-ին: Վերջինս, որը շուրջ քառորդ դար ապրել էր Հռոմում, կառավարել է հռոմեական օրենքներով, թալանել պետական գանձարանը: Հայերն ապստամբել և տապալել են Արտավազդին, իսկ նրան պաշտպանող հռոմեական լեգեոններին արտաքսել Հայաստանից: Կրկին գահ է բարձրացել Տիգրան Դ-ն, այս անգամ քրոջ՝ Էրատոյի հետ: 1 թ-ին Տիգրան Դ-ն զոհվել է Հայաստան ներխուժած կովկասյան հրոսակ ցեղերի դեմ պայքարում, իսկ Էրատոն հրաժարվել է գահից: Այդպես վերացել է Արտաշիսյան հարստությունը, որին նպաստել է նաև արքայատոհմի արական ճյուղի ընդհատումը:
Արտաշիսյանների արքայացանկը
1. Արտաշես Ա (մ. թ. ա. 189 թ. – մոտ 160 թ.),
2. Արտավազդ Ա (մ. թ. ա. մոտ 160 թ.– մոտ 115 թ.),
3. Տիրան (Տիգրան Ա, մ. թ. ա. մոտ 115 թ. – 95 թ.),
4. Տիգրան Բ Մեծ (մ. թ. ա. 95 – 55 թթ.),
5. Արտավազդ Բ (մ. թ. ա. 55 – 34 թթ.),
6. Արտաշես Բ (մ. թ. ա. 30 – 20 թթ.),
7. Տիգրան Գ (մ. թ. ա. 20 թ. – մոտ 8 թ.),
8. Տիգրան Դ (մ. թ. ա. մոտ 8 – 5 թթ. և մ. թ. ա. 2 – 1 թթ.),
9. Արտավազդ Գ (մ. թ.ա. 5 – 2 թթ.),
10. Տիգրան Դ և Էրատո (մ. թ. ա. 2 – մ. թ. 1 թթ.)
Комментариев нет:
Отправить комментарий