Страницы

ՀՀ ԿԳՆ ԳՅՈՒՄՐՈՒ No 3 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ ՊՈԱԿ-ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ: Մեր հասցեն՝ ՀԱՅԱՍՏԱՆ. ք. ԳՅՈՒՄՐԻ. փող. ԹՈՒՄԱՆՅԱՆ 85: Հեռ. +374/312/5.18.63.:   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  

ԴՊՐՈՑԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Լրացավ մեր դպրոցի 75 ամյակը: Մի լրջախոհ հոբելյանական տարի, որը ստիպում է մեզ՝ ներկաներիս մտովի հետ նայել ու զգալ մեր դպրոցի պատմության առողջ սրտի բաբախը: 
Յոթ ու կես տասնամյակներ հնագույն դպրոցի կամարներում ղողանջում է դպրության զանգը սփռելով լույս և իմաստություն, խաղաղության գույներ, աստղալույս ճամփաներ, կենսաշող երազներ... 
Դպրոցն հիմնադրվել է 1937 թվականի սեպտեմբերի 1-ին: Դպրոցի աշակերտությունը կազմավորվեց քաղաքի տարբեր կրթօջախներից: 38 դասարաններում սովորում էին 1245 աշակերտ: 57 ուսուցիչներից միայն 10-ը ունեին բարձրագույն կրթություն, 7-ը՝ թերի բարձրագույն, 11-ը սովորում էին ինսիտուտներում, մնացածները միջնակարգ կրթություն ունեին: Դպրոցի հիմնադրման, մանկավարժական, աշակերտական միաձույլ հանրույթներ ստեղծելու գործում անգնահատելի են դպրոցի առաջին տնօրեն ԳՐԻԳՈՐ ԽԱՉԱՆՅԱՆԻ և ուսումնական մասի վարիչ Հռիփսիկ Ավետիսյանի ներդրած ջանքերը: 1941 թվականից դպրոցի ուսումնական մասի վարիչ է նշանակվել՝ Սոֆյա Մսրյանը: Դպրոցն իր առաջին շրջանավարտները տվել է 1939-1940 ուսումնական տարում: 23 աշակերտներ, որոնք մեծ տքնանքով ու տառապանքով բացեցին իրենց առաջին լուսե ակոսները՝ դառնալով գիտության և տեխնիկայի, արտադրության և ժողտնտեսության նվիրյալներ: 

ԳՐԻԳՈՐ ԽԱՉԱՆՅԱՆ 
1941 թվական, հունիս... Դպրոցական զանգի մշտաժպիտ ղողանջները հուզվեցին, ալեկոծվեցին, մռայլվեցին, մի չար կախարդանքով: Պատերազմը խլեց երեխաների ժպիտն ու ծիծաղը, անհոգ մանկությունը, սփռեց որբություն, լաց ու արցունք, վիշտ ու կարիք: 
Դպրոցի տնօրեն Գրիգոր Խաչանյանը մեկնեց մարտադաշտ... 
Տնօրենի պաշտոնը ստանձնեց ՀՌԻՓՍԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ: Դպրոցն ապրեց ծանր օրեր, նրա առաջ ծառացան նոր դժվարություններ: Պատերազմի տարիներին դպրոցի վրա ծանրացավ մանկատան 200 ծնողազուրկ երեխաների հոգսը, որոնք շրջապատվեցին գորովագութ ջերմությամբ: Տարիներ շարունակ մանկատան սաները սովորել են դպրոցում: Մանկատան վարիչն էր հոգով ու ամբողջ էությամբ մանկավարժ Արամ Մանուկյանը՝ մեծ ու ինտերնացիոնալ ընտանիքի հայրը: Հայրենական պատերազմից հետո դպրոցն անցավ ստեղծագործական աշխատանքի: Դպրոցն իր առաջադիմությամբ, աշակերտների գիտակցական կարգապահությամբ, դաստիարակչական աշխատանքների որակով, ուսուցիչների և աշակերտների կազմակերպվածությամբ դարձավ հանրապետության առաջավոր կրթօջախներից մեկը: 

ՀՌԻՓՍԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ 
Հիմնադրման օրվանից դպրոցում դասավանդել են ժողովրդական կրթության երախտավորներ, ճանաչված մանկավարժներ: Դպրոցի հենասյունն էր ՀՍՍՀ վաստակավոր ուսուցչուհի Հռիփսիկ Ավետիսյանը: Դպրոցում դասավանդել և դասավանդում են պատկառազդու ուսուցիչների մի մեծ բանակ, որին ի վերուստ սահմանված էր ամենավեհը՝ մանկավարժի կոչումը: Դպրոցը հպարտանում է իր շրջանավարտներով: 
1976-1977 ուսումնական տարվանից դպրոցն անցել է ռուսաց լեզվի խորացված ուսուցման: 
1966 թվականից դպրոցը ղեկավարել է ՍՈՒՐԵՆ ՂԱՍԱԲՅԱՆԸ: 
...1988 թվականն էր: Դպրոցն իր եռուզեռի մեջ էր: Ծրագրեր՝ առաջնահերթ ու երկրորդական, ոգևորություն, խանդավառություն: Կյանքը հոսում էր կարկաչուն գետի նման, իսկ Հովհաննես Թումանյանի անվան թիվ 13 միջնակարգ դպրոցը նշելու էր իր հիմնադրման 50 ամյակը: Ե՛վ աշակերտները, և՛ ուսուցիչները հուզումնալի պահեր էին ապրում, աշխատում էին ամեն ինչ անել, որպեսզի տարելիցը շքեղ և մեծ խանդավառությամբ դիմավորեին: 
Ո՞վ կարող էր հավատալ, որ տեղի էր ունենալու ամենասարսափելին... 
Ահեղ երկրաշարժ, որը մի քանի վայրկյանների ընթացքում գետնին հավասարեցրեց մի քաղաք, որն ուներ իր ինքնատիպ դեմքն ու ոճը... Մշուշի պես ցնդեց, կորավ, փուլ եկավ Աստծո տաճարն անգամ... 

ՍՈՒՐԵՆ ՂԱՍԱԲՅԱՆ 
Սակայն ավերիչ երկրաշարժի ձեռքը չհասավ մեր դպրոցի հոյակերտ կառույցին, և դպրոցում ոչ մի զոհ չեղավ: Շենքը չփլվեց, սակայն փլվեցին մեր դպրոցի մանկավարժների ու աշակերտների սրտերը, որովհետև նրանք, ովքեր դպրոցում չէին, զոհվեցին՝ անսահման վիշտ պատճառելով մանկավարժական հանրույթին և աշակերտությանը... 
Եկեք մի պահ խոնարհվենք նրանց անմահ հիշատակի առջև և ասենք. «ՅԻՇԱՏԱԿՆ ԱՐԴԱՐՈՑ ՕՐՀՆՈՒԹԵԱՄԲ ԵՂԻՑԻ»: 
1989 թվականի մարտ ամսից մեր դպրոցի սիրելի տնօրենի՝ երախտավոր ընկեր Սուրեն Ղասաբյանի ջանքերով վրաններում վերսկսվեց ուսումնական գործընթացը: Իսկ նույն տարում՝ ամռանը, սկսվեցին ուսումնական աշխատանքները արդեն փայտե տնակներում: 
Իսկապես դժվար էր, բայց մենք դիմացանք... Դիմացանք և հաղթահարեցինք բոլոր խոչընդոտները: Կյանքը կամաց-կամաց մտավ իր հունի մեջ: Երկրաշարժից հետո մյուսների նման մեր դպրոցամուտն էլ եղավ այդ փայտե տնակներում: Սակայն մենք գիտակցում էինք, և մեր աչքերի առջև՝ որպես այցյալի քաղցր հուշ, կանգուն էր մեր վիրավոր ու սիրելի դպրոցի կիսաքանդ շենքը: Մենք համոզված էինք, որ օրերից մի օր կուղղի իր ծռված մեջքը, կվերականգնվի մեր վառ երազների անմար փարոսը, մեր սիրելի կրթօջախը: Եվ մենք բախտ կունենանք կրկին անգամ կրթելու և կրթվելու նրա լուսավոր ու ջերմ կամարների ներքո... 

ԳՈՀԱՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ 
Այդ դաժան ու դժվարին տարիներին մենք կորցրեցինք մեր սիրելի մանկավարժներից ոմանց, այդ թվում և դպրոցի տնօրեն Սուրեն Ղասաբյանին: 
Հավերժ փառք նրանց անմահ հիշատակին... 
Դպրոցի ղեկավարման գործնթացը շարունակելու համար այն վստահվեց դպրոցի ջանասեր ու շնորհաշատ ուսուցչուհի՝ ԳՈՀԱՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ: 
Ամեն տարի մեր դպրոցը համաքաղաքային մարզային ու հանրապետական օլիմպիադաներում հաղթողներ է ունեցել, որոնք պարգևատրվել են տարբեր աստիճանների պատվոգրերով: 
Հետերկրաշարժյան տարիներին դպրոցը տվել է շուրջ 30 ոսկե մեդալակիրներ, որոնք փառքով են օծել Հովհաննես Թումանյանի անվան 13 միջնակարգ դպրոցի անունը: 
2001 թվականի հոկտեմբերի 17-ից ի շնորհիվ Հայաստանի հանրապետության կառավարության ջանքերի, վերակառուցվեց «Կումայրի» պատմամշակութային ժառանգությունների արգելոց թանգարանի գոհարներից մեկը՝ Հովհ. Թումանյանի անվան թիվ 13 միջնակարգ դպրոցը: Եվ դասերը շարունակվեցին արդեն քարաշեն եռհարկանի դպրոցի պատերից ներս: Դպրոցի բացման արարողակարգի պատիվը հանձնվեց Հայաստանի նախագահ՝ Ռոբերտ Քոչարյանին: Ներկա էին հյուրեր պետական և հասարակական պաշտոնյաներ, ծնողներ, մանկավարժներ, աշակերտներ: 

2002 թվական: Հոկտեմբեր 17.
2002 թվական, հոկտեմբեր 17: Դպրոցն անցնում է ֆրանսերեն լեզվի խորացված ուսուցման: Ի պատիվ «Ռոտարի» ակումբի, դպրոցում բացվում է «Ֆրանսախոսների ակումբ» կահավորված դասասենյակը: 
2003 թվականից Հովհաննես Թումանյանի անվան թիվ 13 միջնակարգ դպրոցը դառնում է թիվ 3 միջնակարգ դպրոց «Պետական ոչ առևտրային կազմակերպություն»:
2003 թվականից դպրոցը վերակազմավորվեց ու դարձավ No 3 միջնակարգ դպրոց /պետական ոչ առևտրային կազմակերպություն/:
5 տարի անց, 2008 թվականին դպրոցը մտավ նոր փուլ, դառնալով No 3 ավագ դպրոց /ՊՈԱԿ/: Սկսվեց մի նոր աշխույժություն: Անցավ հոսքային ուսուցման, ունենալով հումանիտար, տնտեսագիտական, կենսաքիմիա հոսքային բաժանումները:
Դպրոցն անցնում է նաև քառալեզու ուսուցման՝ ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն, ռուսերեն: 
...Շատ բան փոխվեց հեռավոր տարիների այդ գեղեցիկ ու տխուր օրերից, բայց մի բան ամեն դեպքում մնաց անփոփոխ՝ մաքրությունն ու լույսը... սերն ու աշխատասիրությունը... գեղեցիկն ու բարին... 
...Ծաղկում է այսօր դպրոցը, հիշելով ու իր մեջ տանելով բազմավաստակ ուսուցիչների հարգանքն ու պատիվը, հավերժի ճամփաներով անցած անմահ հիշողությունը... 
...Քեզ բարի՛ երթ, դպրո՜ց... 
Դու պատվով կատարեցիր քո առջև դրված բոլոր հանձնարարություններն ու պարտականությունները:

1 комментарий:

ԷՋԵՐ

Blogger Widgets