1983 թվական, հուլիսի 27, Պորտուգալիա, Լիսաբոն, թուրքական դեսպանատուն, լիսաբոնյան հնգյակի`աշխարհի հայացքը հայ դատին ուղղելու հստակ նպատակ, արդյուքնում` նահատակություն` մահ իմացյալ անմահություն սկզբունքով:
83-ի հայտնի դեպքերից 30 տարի տարի Գյումրիում եւ Հայաստանում, հիմա նաեւ նրա սահմաններից դուրս լիսաբոնյան հնգյակի մասին նորից խոսում են` տասնամյաների հեռվից առավել մեծ խոնարհումով գնահատելով հայրենիք չտեսած հայրենասերների չկրկնված արարքը: Վաչե Տաղլյան, Սեդրակ Աճեմյան, Սիմոն Յահնիյան, Արա Քըրճըլյան, Սարգիս Աբրահամյան. խենթ երիտասարդների կենսագրությունները, Լիսոբոնի գործողության անցքերը` դեսպանատան շենքի պայթյունից մինչեւ բուրջ Համուդի Քառասնից մանկանց եկեղեցի Արա Նախշքարյանի հեղինակած` «Լիզբոնի իմ ընկերները» գրքում են: Շնորհանդեսից, բազմաթիվ քննարկումներից ու միջոցառումներից հետո` գիրքը դարձյալ օրվա հերոս էր` սեպտեմբերի 19-ին Գյումրու թիվ 3 ավագ դպրոցում կազմակերպված հուշ-ցերեկույթի առիթով` նվիրված Լիզբոնի նահատակների 30-ամյա տարելիցին:
-Գիրքն իր ձեռքում վերցրած յուրաքանչյուր մարդ կհասկանա, որ Լիզբոնի իմ ընկերները նաեւ իր ընկերներն են: 3000 օրինակ տպագրվել է գրքույկից, դեռ շարունակվում է հանգանակությունը, մտադրություն ունեմ դեկտեմբերի 31-ին ազդարարել միջոցառման ավարտը:
Գիրքը տարածվում է անվճար եւ աշխարհի 17-18 պետություններում գիրքն արդեն հասանելի է, -պատմում է հեղինակ Արա Նախշքարյանը:
-Մեկ գդալ մածունը, եթե օգտագործենք որպես մակարդ, մենք կըրնանք մեծ կաթսա մը մածուն ունենալ: Դուք ընդունեք ձեզ որպես այդ մեկ գդալ մակարդները, -իր խոսքն հավաքվածներին ուղղեց նահատակ երիտասարդներից` Սիմոն Յահնիյանի եղբայրը` Զարեհ Յահնիյանը, -30 տարի առաջ օրը մենք ընտանիքներով շատ շփոթ վիճակի մեջ էինք: Տուները հինգ հերոսներու, վերածված էին մեղվափեթակներու, սգակիրներ էին հավաքված, բայց սգակիր բառը ճիշտ չէ այս պարագային, կուգային ոչ թե սգալու, ցավակցություն հայտնելու, այլ նույնիսկ շնորհավորելու: Այդ երիտասարդներուն նահատակությունը նաեւ մեզ այդ ուժը տվավ, որ դիմակայենք այդ ահավոր ցավին, -նշեց Զարեհ Յահնիյանն ու պատգամեց լավ ըմբռնել Լիզբոնի դասը:
Փաստագրական կադրերով ու հայտնի դեպքերից օրեր առաջ տղաների` տեսախցիկի առջեւ արված մեկնաբանություններով Արա Նաշխքարյանը նաեւ գրքույկին համանուն ֆիլմ է պատրաստել: Նույն նյութով ու արդեն նաեւ Բեյրութից բերված կադրերով նոր ֆիլմի մասին է մտածում նաեւ ռեժիսոր Սամվել Թադեւոսյանը: Պատմում է` Բեյրութում եղել է տղաների նահատակության հուլիսյան տարելիցի օրը, երբ աշխարհի բոլոր ծեգերից բարոյական նորմերը գիտակցող հայերն հավաքվել են Բուրջ Համուդի գերեզմանոցում: Հայության հպարտության տոնին մասնակցած ռեժիսորը ցավով է նկատել, որ Սողոմոն Թեհլերյանին վերահաստատած երիտասադներին իրենց խոնարհումը օրենքով պետք է, բայց չէին տարել Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները: Տպավորություններից սցենարիստ ռեժիսորը նաեւ հոդված է գրել` «Ես տեսա ձեզ, տղերք» վերնագրով, որը շուտով լույս կտեսնի:
-Լիզբոնի հինգը արեցին մի ամբողջ հանրապետության գործ, բայց այդ հինգի մասին հայրենիքում չգիտեին, գուցե հիմա էլ չգիտեն: Մենք չենք կարող մեղադրել հայ մարդուն այդ չիմացության համար, այսօր խոսում ենք, կաթողիկոսի կոնդակով պատարագ մատուցում, մյուս օրը գուցե խաչքար, հուշարձան կանգնեցնենք տղաների հիշատակին: Ես իրենց գերեզմանի մոտ չէի կարողանում խոսել: Պապանձվել էի,-պատմում է ռեժիսորն ու հույս հայտնում` մինչեւ ցեղասպանության 100- ամյակը մաքրել Լիզբոնի 30 տարվա փոշին ու տղաների մասին պատմել` նաեւ կտավային գեղարվեստական ֆիլմի միջոցով:
«ՇՐՋԱՊԱՏ» շաբաթաթերթ
24. սեպտեմբեր 2013թ. No 37/479/
Լիլիթ Թովմասյան
Комментариев нет:
Отправить комментарий