Страницы

ՀՀ ԿԳՆ ԳՅՈՒՄՐՈՒ No 3 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ ՊՈԱԿ-ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ: Մեր հասցեն՝ ՀԱՅԱՍՏԱՆ. ք. ԳՅՈՒՄՐԻ. փող. ԹՈՒՄԱՆՅԱՆ 85: Հեռ. +374/312/5.18.63.:   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  

15.12.2014

«Մեծ Հայքի Արտաշիսյան թագավորություն» թեմայի ամփոփում դերային խաղի միջոցով


Արտաշիսյան արքայատոհմը գահակալել է մ. թ. ա. 189 – մ. թ. 1 թթ-ին: Նրանց օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասել է իր հզորության գագաթնակետին: 
Արքայատոհմը կոչվել է հարստության հիմնադիր արքա Արտաշես Ա-ի (մ. թ. ա. 189թ. –մոտ 160թ.) անունով: 
Արտաշիսյաններն ամենայն հավանականությամբ սերել են հայկական նախորդ՝ Երվանդունիների արքայատոհմից (Արտաշես Ա-ն արամեական արձանագրություններում իրեն անվանում է «Երվանդական»): Արտաշես Ա-ն մ. թ. ա. II դարի սկզբին Հայաստանից անջատված ծայրամասային
երկրամասերը վերամիավորել է և ստեղծել միասնական, համազգային պետություն, իրականացրել է մի շարք բարենորոգումներ, հիմնադրել նոր մայրաքաղաք՝ Արտաշատը (Երասխ և Մեծամոր գետերի ջրկիցում), կառուցել է նաև այլ քաղաքներ, որոնցից հինգը, ի պատիվ հոր՝ Զարեհի, անվանել է Զարեհավան ու Զարիշատ: 
Ըստ Մովսես Խորենացու՝ Արտաշես Ա-ն ունեցել է վեց որդի (Արտավազդ, Վրույր, Մաժան, Զարեհ, Տիրան, Տիգրան). Արտավազդը և Տիրանը թագավորել են իրենց հոր մահից հետո: Արտավազդ Ա-ի և Տիրանի (Տիգրան Ա) թագավորության տարիները համեմատաբար խաղաղ էին: Արտաշես Ա-ի թոռը՝ Տիգրան Բ Մեծը, դարձել է Առաջավոր Ասիայի մեծագույն մասի տիրակալը: Նրա գահակալման 40 տարիները նշանավորվել են Հայաստանի ռազմաքաղաքական, տնտեսական ու մշակութային աննախադեպ վերելքով, հայկական պետության միջազգային դերի և հեղինակության բարձրացմամբ: Տիգրան Բ Մեծից սկսած` Արտաշիսյանները կրել են մեծ արքա, արքայից արքա տիտղոսները: Տիգրան Բ Մեծին հաջորդել է որդին՝ Արտավազդ Բ-ն: 
Արտաշիսյան հարստության վերջին հզոր ներկայացուցիչը Արտաշես Բ-ն էր՝ Արտավազդ Բ-ի թագաժառանգ որդին: Նա, գլխավորելով Հռոմի դեմ պայքարը և վերականգնելով դաշինքը Պարթևաց թագավոր Հրահատ IV Արշակունու հետ, մինչև մ.թ.ա. 31 թ. ոչ միայն ազատագրել է Մեծ Հայքը հռոմեական զավթիչներից, այլև ջախջախել է նրանց հետ գործակցող Ատրպատականի թագավոր Մար Արտավազդին ու նրա տերությունը միացրել Հայոց թագավորությանը: Հռոմի կայսր Օգոստոս Օկտավիանոսը վճռել է տապալել Արտաշես Բ-ին, և մ.թ.ա. 20 թ-ին հռոմեացիները կազմակերպել են Հայոց թագավորի սպանությունը: Հաջորդ Արտաշիսյանները եղել են հիմնականում Հռոմի դրածոներ: Արտաշես Բ-ին հաջորդել է նրա կրտսեր եղբայրը՝ կայսեր պալատում դաստիարակված Տիգրան Գ-ն: 
Արտաշատում նրա հանդիսավոր թագադրումը Հռոմում համարել են որպես մեծ նվաճում և նշել շուքով: Հատվել են ոսկե և արծաթե դրամներ՝ «Հայաստանը նվաճված» լատիներեն մակագրությամբ, իսկ նշանավոր բանաստեղծներ Օվիդիոսը, Հորացիոսը, Վերգիլիոսը գրել են ներբողներ: Հայաստանը թուլացնելու նպատակով Հռոմը նրանից անջատել է Ատրպատականը և այնտեղ էլ գահ բարձրացրել իր դրածոյին՝ Մար Արտավազդի որդի Արիոբարզանին: Սակայն Տիգրան Գ-ն չի դարձել Հռոմի հլու կամակատարը. 
մ.թ.ա. 10թ-ին հրաժարվել է հռոմեական կողմնորոշումից և վարել անկախ քաղաքականություն: 
Տիգրան Գ-ի քաղաքականությունը շարունակել է նրա որդին ու հաջորդը՝ Տիգրան Դ-ն: Անհանգստացած` Օգոստոս կայսրը գահընկեց է արել Տիգրան Դ-ին և թագավոր հռչակել նրա հորեղբորը՝ Արտավազդ Գ-ին: Վերջինս, որը շուրջ քառորդ դար ապրել էր Հռոմում, կառավարել է հռոմեական օրենքներով, թալանել պետական գանձարանը: Հայերն ապստամբել և տապալել են Արտավազդին, իսկ նրան պաշտպանող հռոմեական լեգեոններին արտաքսել Հայաստանից: Կրկին գահ է բարձրացել Տիգրան Դ-ն, այս անգամ քրոջ՝ Էրատոյի հետ: 1 թ-ին Տիգրան Դ-ն զոհվել է Հայաստան ներխուժած կովկասյան հրոսակ ցեղերի դեմ պայքարում, իսկ Էրատոն հրաժարվել է գահից: Այդպես վերացել է Արտաշիսյան հարստությունը, որին նպաստել է նաև արքայատոհմի արական ճյուղի ընդհատումը: 

Արտաշիսյանների արքայացանկը 

1. Արտաշես Ա (մ. թ. ա. 189 թ. – մոտ 160 թ.), 
2. Արտավազդ Ա (մ. թ. ա. մոտ 160 թ.– մոտ 115 թ.), 
3. Տիրան (Տիգրան Ա, մ. թ. ա. մոտ 115 թ. – 95 թ.), 
4. Տիգրան Բ Մեծ (մ. թ. ա. 95 – 55 թթ.), 
5. Արտավազդ Բ (մ. թ. ա. 55 – 34 թթ.), 
6. Արտաշես Բ (մ. թ. ա. 30 – 20 թթ.), 
7. Տիգրան Գ (մ. թ. ա. 20 թ. – մոտ 8 թ.), 
8. Տիգրան Դ (մ. թ. ա. մոտ 8 – 5 թթ. և մ. թ. ա. 2 – 1 թթ.), 
9. Արտավազդ Գ (մ. թ.ա. 5 – 2 թթ.), 
10. Տիգրան Դ և Էրատո (մ. թ. ա. 2 – մ. թ. 1 թթ.)




 



















































Комментариев нет:

Отправить комментарий

ԷՋԵՐ

Blogger Widgets